ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽՎԵՆ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽՎԵՆ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
04.06.2010 | 00:00

Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը և ղարաբաղյան բանակցություններում նշմարվող նոր զարգացումների հավանականությունը հրամայական են դարձնում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ անցած տարիներին իրականացված քաղաքականությունը վերաիմաստավորելու և ազգային-քաղաքական նոր հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը։ Անցած քսանամյակում Հայաստանի կողմից Սփյուռքի և Արցախի նկատմամբ որդեգրվել են երկու հակադիր քաղաքական ուղեգծեր, որոնք հիմնվում էին ոչ այնքան ազգային-պետական մտածողության, որքան, մասամբ` կուսակցական, մասամբ էլ` հատվածական շահերի վրա: Այդպիսով սկսվել էր ոչ թե պետության և ազգի փոխգործակցության գործուն աշխատակարգերի ստեղծումը, այլ սոսկ իրականացվել է սեփական գաղափարախոսական պատկերացումներն ու գործող իշխանության առջև կանգնած ընթացիկ խնդիրները սպասարկելու պարզունակ քաղաքական գործառույթը: Արցախի և Սփյուռքի նկատմամբ նորանկախ Հայաստանի իշխանությունների որդեգրած առաջին քաղաքական ուղեգիծը, որն իրականացվել է 1990-1998-ին, հիմնվում էր Ղարաբաղն ու Սփյուռքը Հայաստանից որոշ չափով տարանջատելու, երկրի ներքաղաքական կյանքում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում նրանց դերակատարությունը նվազեցնելու նպատակին: Երկրորդ քաղաքական ուղեգիծը, որն իրականացվել է 1998-2008 թթ., հիմնվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք կարգախոսային եռամիասնության տակ բյուրեղացող միաբևեռ ռազմավարության վրա: Արդյունքում Ղարաբաղի ինքնորոշման հարցը փոխակերպվեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը տեղափոխվեց Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարթություն: Այդ պատճառով վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանին երկու կողմից սեղմող Թուրքիայի ու Ադրբեջանի շոշափուկները տարանջատելու և յուրաքանչյուրի հետ հարաբերություններն առանձին-առանձին կարգավորելու սկզբունքորեն ընդունելի մոտեցումը չէր կարող շոշափելի արդյունք տալ, քանի որ, փաստորեն, շարունակում էր խարսխվել միաբևեռ ազգային քաղաքականության սկզբունքի վրա: Մեր գնահատականով` միաբևեռ ազգային քաղաքականությունը եթե ոչ այսօր, ապա վաղը անխուսափելիորեն փակուղի է մտնելու:


Իր բացարձակ մեծամասնությամբ Սփյուռքը ցեղասպանության ենթարկված և աշխարհով մեկ ցրված արևմտահայությունն է, որի համար իր իրավունքների վերականգնման խնդիրը եղել ու մնում է հետագա գոյատևման վճռորոշ պայմանը: Սփյուռքի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործին և Հայաստանի աջակցությունը Սփյուռքի հայության իրավունքների վերականգնման խնդրին պետք է հիմնվեն ոչ թե ընդհանուր, և անգամ վերացական բնույթ ունեցող «փոխադարձ պարտավորությունների», այլ կոնկրետ, հստակ շահերի հաշվառման ելակետի վրա: Մինչդեռ Հայաստան-Սփյուռք ներկա հարաբերություններում Սփյուռքը մնում է ոչ թե որպես միասնական ռազմավարության շրջագծում իր ուրույն քաղաքական նպատակներն ունեցող կոնկրետ սուբյեկտ, այլ սոսկ հայկական համայնքների բարդ խճանկար, որն անվերջ տատանվում է` իր արևմտահայ դիմագիծը` լեզուն, մշակույթը և հոգեկերտվածքը պահպանելու միջոցով Հայ դատի պայքարը շարունակելու և Հայաստանին ու Արցախին օգնելու և այնտեղ վերադառնալու խնդիրների միջև: Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքն աստիճանաբար հեռանում է առաջին խնդրից, իսկ երկրորդին վերաբերվում է որպես ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Արցախում բնակվող քույրերին ու եղբայրներին ցուցաբերվող բարեգործության: Այդ պատճառով, Հայաստան-Սփյուռք կարգախոսային միասնությունը վերածվում է վերջին տարիներին ինտենսիվորեն ծավալվող` Սփյուռքի ուծացմանը, որի հետևանքով աստիճանաբար ցամաքում են նաև Հայաստանին ցուցաբերվող օգնության գումարները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք արհեստական հակադրության, կամ էլ հակառակը` պարզ հռչակագրի տեսք ստացող և միասնության մասին պարզունակ կարգախոսի վրա հիմնված միաբևեռ ազգային քաղաքականություն մշակելու փորձերը հավասարապես անարդյունավետ են: Այսօր օրակարգային խնդիր է դարձել ինչպես միջազգային, այնպես էլ ներազգային նոր իրողություններից բխող` նույն նպատակին միտված բազմաբևեռ ազգային ռազմավարությունը: Միջազգային ասպարեզում աջակցություն ցույց տալով Սփյուռքի կողմից հետապնդվող Հայոց ցեղասպանության ճանաչման և ընդհանրապես Հայ դատի խնդիրներին` Հայաստանը չպետք է փոխարինի Սփյուռքին, այնպես, ինչպես դա փորձում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդրի առնչությամբ։ Օժանդակելով Հայաստանի տնտեսական զարգացմանը` Սփյուռքը մշտապես պետք է առաջնային համարի իր ձևավորման պատճառն ու գոյության իմաստը` ցեղասպանության ենթարկված արևմտահայության իրավունքների օրինական ժառանգորդն ու իրավատերը լինելու փաստը: Այսօրինակ նոր ազգային-քաղաքական իրողությունները պահանջում են.
ա) անվերապահ աջակցություն արևմտահայ ինքնատիպ մշակույթի հիմնական բաղադրիչների` լեզվի, գրականության, արվեստի պահպանման ու վերականգնման հիմքի վրա ողջ Սփյուռքը համախմբող նոր օրինական աշխատակարգերի մշակման փորձերին, որոնք մոտ ապագայում թույլ կտան Սփյուռքին, որպես ազգային միասնական ռազմավարության ինքնուրույն բևեռի, միջազգային ասպարեզում հետապնդելու ցեղասպանության ենթարկված արևմտահայության իրավունքների վերականգնման գործը: Հայաստանն իր դիվանագիտական և այլ հնարավորություններով կարող է ամեն կերպ աջակցել, բայց ոչ փոխարինել Սփյուռքին` ցեղասպանության ենթարկված արևմտահայության օրինական իրավունքների վերականգնման գործում: Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված արևմտահայերի ժառանգների` իրենց պատմական հայրենիք վերադառնալու խնդիրը ներկայացնելով գերազանցապես որպես մարդու իրավունքների խնդիր, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի կողմից պետական մակարդակով ստեղծելու միջազգային իրավունքի լուրջ մասնագետներից բաղկացած հանձնախումբ: Խնդրի տեղափոխումը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարթություն տրամաբանորեն ենթադրում է, որ այդ գործընթացի շրջանակներում այն երկրները, որտեղ բնակվում են իրենց պատմական հայրենիքից բռնագաղթված հայեր, այս կամ այլ կերպ թերևս պետք է պաշտպանեն այդ պետություններում բնակվող և ժամանակին Թուրքիայից բռնագաղթված իրենց հայ քաղաքացիների շահերը կամ ցուցաբերեն համարժեք այլ մոտեցում:
բ) Հայոց ցեղասպանության հետապնդման ներկա Հայաստան-Թուրքիա բանաձևի փոխարինում ցեղասպանության ենթարկված արևմտահայության ընտրած օրինական մարմնի կողմից հետապնդվող, միջազգայնորեն ճանաչված օրինական իրավունքներին ցույց տրվող աջակցություն եռանդամ բանաձևով, որը թույլ կտա Հայ դատը միջազգային ասպարեզում բարձրացնել ոչ որպես Հայաստանի տարածքային պահանջ, այլ բռնագաղթի ենթարկված ժողովրդի` հայրենիք վերադառնալու և այնտեղ ինքնորոշվելու իրավունք: Հենց այս դիրքորոշումը հիմք ընդունելով` Սփյուռքն իր ընտրած համապատասխան կառույցի միջոցով և Հայաստանի աջակցությամբ պահանջներ պետք է ներկայացնի Թուրքիային` Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու Թուրքիայի արտգործնախարարի վերջերս առաջադրած գաղափարին ի պատասխան, գաղափար, որը տակտիկական բնույթ ունի և իրականում նպատակ է հետապնդում սեպ խրելու Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Հայաստանում 1998-ին ձևավորված իշխանությունն առաջադրեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարգախոսը, որի հիմքում ընկած էր միաբևեռ ազգային քաղաքականության սկզբունքը, սակայն անցած տարիներին, նաև այս սկզբունքի կիրառումով, մենք, թերևս, ստացանք հակառակ արդյունքները: Դրանք են` Ղարաբաղի հարցի աստիճանական վերածումը Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների առարկայի և որպես դրա հետևանք` ինքնորոշման խնդրի փոխակերպումը` Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, և երկրորդ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի տեղափոխումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարթություն և վերածումը Հայաստան-Թուրքիա միջպետական վեճի: Վերջին երկու տարիներին Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի դերաբաշխումների վրա հիմնված՝ երկբևեռ քաղաքականության միջոցով դիվանագիտական դաշտում փորձում են անկյուն մղել Հայաստանին` մեր երկիրը ներկայացնելով իբրև փաստացի` Արցախի պարագայում և հավանական` Արևմտյան Հայաստանի պարագայում տարածքային պահանջներ ունեցող երկիր: Հետևաբար, անհրաժեշտ է վերաքննության ենթարկել արդեն ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների կողմից օգտագործվող միաբևեռ ազգային քաղաքականության սկզբունքը, որպեսզի ոչ թե Թուրքիան փորձի Հայաստանը վերցնել աքցանի մեջ, այլ տեղի ունենա հակառակ գործընթացը, որ ոչ թե Ադրբեջանը Ղարաբաղի հարցը ներկայացնի իբրև տարածքային պահանջ, այլ Հայաստանն ու ԼՂՀ-ն աքցանի մեջ վերցնեն Ադրբեջանը։ Այդ պատճառով ժամանակն է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները տեղափոխվեն բազմաբևեռ ազգային քաղաքականության հարթություն և այդ սուբյեկտների միջև կատարվի որոշակի դերաբաշխում: Դա ամենևին չի նշանակում հրաժարում մեր միասնականության` հայ ժողովրդի մեկ ազգ լինելու սկզբունքից։ Բայց սկզբունքը և դրան հասնելու քաղաքականությունը տարբեր բաներ են։ Արաբներն աշխարհում ունեն մեկ տասնյակից ավելի պետություններ, բայց նրանք շարունակում են մնալ արաբներ։ Նույնը կարելի է ասել բազմաթիվ այլ ազգերի մասին։ Կենսաբանությունից վաղուց հայտնի է, որ օրգանիզմի բջիջների տրոհումը նրա աճի վկայությունն է։ Քաղաքականության մեջ նույնպես «տրոհումը» խիստ առաձգական հասկացություն է։ Այն կարող է լինել պառակտում, բայց կարող է լինել նաև դերաբաշխում։ Բազմաբևեռ ազգային քաղաքականության ռազմավարության հրամայականն անհրաժեշտ է դարձնում հետևյալ քայլերի իրականացումը: Առաջին՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջադրել միայն ԼՂՀ կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ մնացած խնդիրների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ ու համաձայնությամբ։ Հայաստանը պետք է հայտարարի, որ ինքը միայն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է և լիազորված չէ նրա անունից քննարկելու ազատագրված տարածքների կամ փախստականների հարցերը։ Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և ընդհանրապես Հայ դատի խնդիրների տեղափոխում ցեղասպանության ենթարկված արևմտահայության ընտրելիք օրինական մարմնի կողմից հետապնդվող բռնագաղթված հայության իրավունքներին Հայաստանի կողմից ցույց տրվող աջակցության հարթություն։ Դա թույլ կտա Հայ դատը դարձնել ոչ թե Հայաստանի տարածքային պահանջ Թուրքիայից, այլ բռնագաղթի ենթարկված ժողովրդի` իր հայրենիք վերադառնալու և այնտեղ ինքնորոշվելու իրավունք: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, թերևս, պետք է տեղափոխվեն երկբևեռ ազգային քաղաքականության հարթություն: Սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իբրև յուրահատուկ «մահակ» օգտագործվող հարցերի շրջանակն ավելի արդյունավետ հետապնդելու համար Հայաստանը պետք է խրախուսի և ուղղորդի վերջին տարիներին Սփյուռքում ձեռնարկվող` արևմտահայերի երրորդ համագումար հրավիրելու և Արևմտյան Հայաստանի նախկին հայ բնակչության իրավունքների պաշտպանության խորհուրդ կամ վտարանդիական կառավարություն ձևավորելու փորձերը: Այդ գաղափարն իրագործելու համար ուսանելի կարող է լինել հպանցիկ անդրադարձը արևմտահայերի առաջին և երկրորդ համագումարներին: 1917-ին Երևանում տեղի ունեցած արևմտահայերի առաջին համագումարը, որի նախագահողը Զորավար Անդրանիկն էր, խնդիր դրեց, որ, մասնավորապես, Ռուսաստան և Անդրկովկաս գաղթած արևմտահայությունը վերադառնա ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստան: Ելնելով սեփական շահերից` ռուսները խրախուսում էին հայ ազգաբնակչության վերադարձը հայրենի օջախներ, և այդ ընթացքում շուրջ 150000 արևմտահայեր վերադարձան իրենց բնակավայրեր: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին Ցեղասպանությունից փրկված և Հայաստանի տարածքում ապաստանած արևմտահայ գաղթականությունը հանդես եկավ անկախ և միացյալ Հայաստանի հռչակման նախաձեռնությամբ: 1919-ի փետրվարին Երևանում կայացած արևմտահայերի երկրորդ համագումարը ողջունեց հայության երկու հատվածների միավորումը և ընդգծեց Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման անհրաժեշտությունը: Ընդառաջ գնալով արևմտահայության ձգտումներին` Հայաստանի կառավարությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որով իրեն հռչակեց Միացյալ Հայաստանի կառավարություն: Դա կարևոր քաղաքական քայլ էր, իր հայրենիքն անկախ, իսկ նրա արհեստականորեն բաժանված տարածքներն ամբողջական սահմաններում տեսնելու հայության դարավոր իղձերի արտացոլում և միջազգային հանրության առաջ նրա քաղաքական կամքի ցուցադրում: Կրկնում եմ, որ պատմական այդ իրողությունը մեր օրերում անհրաժեշտ է վերաիմաստավորել` պետականորեն խրախուսելով և ուղղորդելով վերջին տարիներին Սփյուռքում նախաձեռնվող արևմտահայերի երրորդ համագումար հրավիրելու և արևմտահայերի ժառանգների իրավունքների պաշտպանության համապատասխան կառույց կամ արևմտահայերի վտարանդիական կառավարություն ձևավորելու փորձերը: Դրանով Սփյուռքն իր հիմնական նպատակներից մեկը չի համարի գերազանցապես ապրիլի 24-ը նշելը և թուրքական դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելը, այլ համախմբվելով, օրինակ, արևմտահայերի վտարանդիական կառավարության շուրջը, միջազգային տարբեր ատյաններում կբարձրացնի Արևմտյան Հայաստան վերադառնալու և այնտեղ ինքնորոշվելու իր միանգամայն օրինական և միջազգային իրավունքին համապատասխանող պահանջը կամ այլ պահանջներ կառաջադրի Թուրքիային: Իսկ Հայաստանն իր հերթին, Թուրքիային զրկելով «տարածքային պահանջների» թեզը շահարկելու հնարավորությունից, նրան, թերևս, կվերցնի երկբևեռ ազգային քաղաքականության կոշտ` Արևմտյան Հայաստանի վտարանդիական կառավարության և մեղմ` Հայաստանի Հանրապետության աքցանների մեջ: Այսինքն, սրանով Հայաստանը Թուրքիայի նկատմամբ կգործի այնպես, ինչպես վերջինս է գործում Հայաստանի նկատմամբ` առաջ քաշելով «բռնազավթած» Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Դրան կհակադրվի Ցեղասպանության միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանն իր օրինական տիրոջը` արևմտահայերի երրորդ համագումարի ընտրած Արևմտյան Հայաստանի վտարանդիական կառավարությանը վերադարձնելու կամ էլ Արցախի մասին մոռանալու հակափաստարկը: Թերևս կփոխվի նաև Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանին ցույց տրվող օգնության հարցի վերաբերյալ: Սփյուռքահայերը մինչ օրս բարեգործություն են կատարում Հայաստանի իրենց քույրերի ու եղբայրների օգտին և ոչ մեծ գումարներ են տրամադրում, քանի որ նրանց համար Հայաստանն ինչ-որ առումով Արևմտյան Հայաստանն է, որի վտարանդիական կառավարությունը շատ ավելի մեծ միջոցներ կհավաքի, այդ թվում նաև` Հայաստանի ու Արցախի համար: Հատկանշական է, որ վերջին տարիներին սփյուռքահայերի համար Երևանում բնակարան գնելու պայմաններից մեկը պատուհանից Մասիսը տեսնելու պահանջն է, որը խորհրդանշական է, քանի որ հոգեբանորեն նրանց համար Հայաստանը գտնվում է Մասիսից այն կողմ: Ի դեպ, Սփյուռքի տնտեսական հնարավորությունների հաշվառման և օգտագործման միակ գործուն և արդյունավետ մեխանիզմ կարող է համարվել ոչ թե առանձին համայնքների և անհատների կողմից իրականացվող ներկա պարզ բարեգործությունը, այլ ողջ Սփյուռքի օրինական շահերը պաշտպանող, նրա կողմից ընտրված օրինական մարմնի միջոցով կազմակերպվող փոխշահավետ համագործակցությունը: Համասփյուռքյան օրինական կառույցի նկատմամբ անվերապահ վստահության ձևավորումը միայն կարող է բազմապատկել Հայաստանին և Արցախին ցույց տրվող աջակցությունը և պարզ բարեգործությունը դարձնել փոխշահավետ համագործակցություն` ազգային ռազմավարության երեք բևեռների` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև, լուծել ռազմավարական նշանակություն ունեցող պետական, համազգային խնդիրներ: Այսօրինակ մոտեցում որդեգրելու դեպքում «Հայաստան» հիմնադրամն ամբողջովին պետք է ձևավորվի ու գործի Սփյուռքում, ոչ թե դառնա Հայաստանի զանազան չինովնիկների կողմից ղեկավարվող բյուրոկրատական կառույց: Հայաստան-Սփյուռք երկբևեռ քաղաքականությունը, թերևս, կտեղավորվի նաև Արևմուտք-Ռուսաստան շահերի համակարգում, քանի որ Արևմտյան Հայաստանի վտարանդիական իշխանությունն իրեն կհռչակի Սևրի պայմանագրով ամրագրված տարածքների իրավատերը, ինչը չի կարող կատարել ռուս-թուրքական հայտնի պայմանագրերով կաշկանդված Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, երկբևեռությունը կարող է դառնալ նաև արտաքին աշխարհաքաղաքական աքցան Թուրքիայի համար: Մեր կողմից հանրության դատին ներկայացվող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռաբևեռության միանգամայն քննարկելի գաղափարը, թերևս, ոչ թե պառակտում է, այլ տրոհում` միասնության վերականգնման, այսինքն` աճի, զարգացման համար: Դա նաև օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ուծացման պրոցեսի մեջ հայտնված հայկական Սփյուռքի համախմբման ևս մեկ հնարավորություն է, քանզի Սփյուռքին կարող է հայ պահել գերազանցապես իր պապերի հայրենիքը վերադառնալու գաղափարը և նրա իրացմանն ուղղված քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա միջպետական օրակարգի նման «բեռնաթափումը» որևէ կերպ չի հանի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ է փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջադրման հարթությունն ու փիլիսոփայությունը և այն տեղափոխել իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված Թուրքիայի հայ քաղաքացիների հավաքական և անհատական-ժառանգական իրավունքների վերականգնման հարթություն, երբ իրենց բնօրրանում Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Թուրքիայի 1,5 մլն հայ քաղաքացիների ժառանգները հանդես են գալիս որպես իրավահաջորդ և իրենց վտարանդիական կառավարության միջոցով միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պահանջներ են ներկայացնում իր իսկ քաղաքացիների նկատմամբ հանցագործություն կատարած երկրին` Թուրքիային: Այստեղ Թուրքիան որևէ խելամիտ փաստարկ չի կարող ներկայացնել ո՛չ միջազգային հանրությանը, ո՛չ էլ Հայաստանին, քանի որ խոսքն ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիների հանդեպ հանցագործություն կատարած երկրի և ոչ թե միջազգային իրավունքի տարբեր սուբյեկտների հարաբերությունների մասին է: Ավելացնեմ, որ խելամիտ և հաշվարկված քայլեր իրականացնելու պարագայում Արևմտյան Հայաստանի վտարանդիական կառավարության ձևավորումը հայկական ավանդական Սփյուռքը կարող է դարձնել միջազգային քաղաքականության գործոն: Այսպիսով, մեր շուրջը ստեղծված նոր պայմաններում խնդիրը ոչ թե միասնության պատրանք ստեղծող միաբևեռության, այլ իրական միասնության ձգտող երեք բևեռների` Հայաստան-Սփյուռք-Արցախ փոխգործակցության մեջ է:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ